ԵՄ-ն նախատեսում է սահմանափակել ռուսական ադամանդի առևտուրը
Եվրամիությունը կաշխատի ռուսական ադամանդի առևտուրը սահմանափակելու ուղղությամբ, ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում։
«Ռուսական ադամանդները հավերժ չեն»,- Միշելի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշում է, որ ԵՄ մակարդակով ադամանդի առևտրի արգելքը կպահանջի անդամ բոլոր երկրների աջակցությունը։
Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը վերահսկելու և Ուկրաինային աջակցելու համար ձեռնարկվող միջոցների մասին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել էր, որ արգելք է սահմանում ռուսական ադամանդի, պղնձի, նիկելի և ալյումինի ներկրման վրա։
«Այս տարի մենք օրենք կընդունենք ռուսական ադամանդի ներկրումն արգելելու և ռուսական ծագման պղնձի, ալյումինի և նիկելի բոլոր ներմուծումները դադարեցնելու մասին՝ հիմնվելով ռուսական երկաթի և պողպատի առկա արգելքների վրա», - նշվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ .
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը բացվել է ուրբաթ օրը Հիրոսիմայում և կտևի մինչև մայիսի 21-ը։