Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում․ Վրաստանի արդարադատության նախարարը՝ ՌԴ-ի հետ ուղիղ չվերթների մասին
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ վատ բան չի տեսնում դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ չվերթների վերականգնման մեջ։
«Հարյուր հազարավոր վրացիներ ապրում են Ռուսաստանում: Եթե այդ վրացիների համար դյուրացնեն Վրաստան գալը, նրանք կխնայեն ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ, ես իսկապես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում», - հինգշաբթի լրագրողներին ասել է Բրեգաձեն:
Նախարարի խոսքով՝ Վրաստանը հավատարիմ է իր բոլոր քաղաքացիների նկատմամբ հոգատարության սկզբունքին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
Բրեգաձեն նաև չի կարծում, որ Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի՝ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։
«Թռիչքների հարցը պետք չէ կապել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցի հետ, այն 12 կետերը (Եվրահանձնաժողովի հանձնարարականները), որոնք սահմանված են և որոնք կատարում է Վրաստանը, կապված են այդ կարգավիճակի հետ»,- ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին իր հրամանագրով չեղարկել է դեպի Վրաստան թռիչքների սահմանափակումները, որոնք գործում էին 2019 թվականի հուլիսից։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ սահմանափակումների վերացումից հետո ռուսական ավիաընկերությունները Մոսկվայի և Թբիլիսիի միջև թռիչքներ կիրականացնեն շաբաթական յոթ անգամ, որի համար կօգտագործվեն ներքին ինքնաթիռներ։
ԱՄՆ-ն ու Եվրամիությունն իրենց հերթին զգուշացրել են Թբիլիսիին Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնման դեպքում պատժամիջոցների ռիսկերի մասին։