ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում «նորմալ մարդ» է պետք․ Իլոն Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը երեքշաբթի CNBC-ի թղթակից Դեյվիդ Ֆաբերին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել պարզապես «նորմալ մարդու»։
Մասկը նշել է, որ նախորդ ընտրություններում քվեարկել է գործող նախագահ Ջո Բայդենի օգտին և որ հավատում է, որ Բայդենն իրոք ընտրվել է քվեարկության արդյունքում, չնայած իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
Ֆաբերի ճշտող հարցին, թե արդյոք գործարարը զղջում է իր ընտրության համար, Իլոն Մասկը պատասխանել է․ «․․․ կուզեի, որ նախագահը նորմալ մարդ լիներ: Սա այն է, ինչ ես ուզում եմ․․․ գիտե՞ք, հին ասացվածք կա, որ մենք ավելի լավն ենք: Ավելի լավ է ղեկավարվել հեռախոսի գրքույկից պատահականորեն ընտրված մարդկանց կողմից, քան Հարվարդի դասախոսների կողմից: Չգիտեմ՝ ով է ասել, բայց շատ իմաստուն մեկը։ Եվ ես կասեի, որ եթե մենք կարողանայինք դա անել նախագահի հարցում, հիանալի կլիներ»:
Դիտարկմանը, թե Մասկն ակնհայտորեն դժգոհ է Բայդենից, Իլոն Մասկն ասել է․ «Մենք բոլորս չե՞նք ուզում, որ նորմալ մարդը նախագահ լինի»:
Մասկը նշել է, որ Ամերիկային պետք է մեկը, ով կլինի լավ կառավարիչ․ «Կան բազմաթիվ որոշումներ, որոնք պետք է կայացվեն ամեն օր: Դրանցից շատերը կապված չեն բարոյական համոզմունքների հետ: Եվ ձեզ պարզապես պետք է լավ կառավարիչ, ով կասի, որ ինքը Ամերիկայի գործադիր տնօրենն է․․․ Մեզ պետք է Ամերիկայի լավ գործադիր տնօրեն, որն իսկապես արդյունավետ կլինի»։