ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատություններին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին։ Հաղորդու է «Ամերիկայի ձայնը»։
Աշխարհի տարբեր հատվածներում կառավարությունները շարունակում են թիրախավորել կրոնական փոքրամասնություններին՝ օգտագործելով բազմաթիվ բռնի մեթոդներ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ։
Փաստաթղթում մտահոգություն է արտահայտված Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաև Մյանմարում կառավարող ռեժիմի և Աֆղանստանում «Թալիբան» շարժման գործողությունների առնչությամբ:
Միևնույն ժամանակ, պետքարտուղարության զեկույցը առաջընթաց է գրանցել աշխարհի որոշ հատվածներում, օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ուր հատուկ քրեական դատարանը հետևողական է քաղաքացիների նկատմամբ կրոնական բռնությունների դեպքերը քննելիս:
Պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատություների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին: Փաստաթուղթը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա դերակատարությունը ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այն նաև սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը: Զեկույցը հիշեցնում է՝ երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելում է «խոչընդոտել կրոնի ազատության իրավունքը» և նախատեսում համապատասխան պատիժներ խախտումների դեպքում:
Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, ըստ պետքարտուղարության, պնդում է, որ, ընդհանուր առմամբ, իրենց նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել անցած տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ բացասական լուսաբանումը բացակայում է կամ աննշան է: Արձանագրված դեպքերն էլ, ըստ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, արտացոլում են առանձին հոգևորականների վերաբերմունքը, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը:
Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին՝ նշելով. «Մամուլը շարունակում է քննարկել այն, ինչը ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների վատթարացում, և որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված կառավարության քաղաքականությանը»:
Ըստ փաստաթղթի, «կառավարությունը շարունակում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը դուրս բերել դպրոցական ուսումնական պարտադիր ծրագրից՝ համապատասխան պատմագիտական բովանդակությամբ նյութերը ներառելով հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում»:
ԱՄՆ պետքարտուղարության հրապարակման համաձայն, Հայաստանի հրեական համայնքն անցած տարի արձանագրել է հակասեմականության զգալի նահանջ՝ նախորդ տարվա համեմատ: Այդ ժամանակ Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի հիմքում 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զինատեսակների գործածությունն էր: Զեկույցը նկատում է, որ 2022թ․ փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ ունեցել են միայն դրական տպավորութուններ:
Զեկույցի՝ Ադբեջանին վերաբերող հատվածն անդրադառնում է հայկական եկեղեցիներին ու պատմամշակութային հուշարձաններին: Այն մեջբերում է Cornell University-ի Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունը՝ հիմնված տարվա ընթացքում արված արբանյակային լուսանկարների վրա: Դրանք, ըստ զեկույցի, վկայում են, որ Նախիջևանում գտնվող միջնադարյան և ավելի նոր շրջանի հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանոցների շուրջ 98 տոկոսը ավերվել է 1997-2011 թվականներին:
Զեկույցը մեջբերում է լրատվամիջոցների փետրվարի 3-ի հրապարակումները, ըստ որոնց Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել էր, թե ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հեռացնելու «հայերի կողմից հորինված հետքերը՝ (կովկասյան) ալբանական կրոնական տաճարների վրայից»։ Սակայն օրեր անց նախարարությունը նշել էր, թե նախարարը սխալ է մեջբերումներ արել, և որ աշխատանքային խմբի կողմից հայտնաբերված հուշարձանների ցանկացած «կեղծում» չի հեռացվի, այլ կներկայացվի միջազգային հանրությանը:
Զեկույցը մեջբերում է նաև կրոնական կազմակերպությունների հարցերով Ադրբեջանի պետական գերատեսչության տվյալները, թե Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում, որոնք մինչև 2020 թվականը գտնվել են հայկական ուժերի վերահսկողության ներքո, նախկինում գտնվող 67 մզկիթներից 63-ն ավերվել է ամբողջությամբ, իսկ չորսը՝ մասամբ: Ըստ զեկույցի, նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների բոլոր քրիստոնեական հուշարձանները ներառվել են ազգային նշանակության հուշարձանների ցանկում և կրոնական ժառանգության օբյեկտների վերականգնման պետական ծրագրում։
Այնուամենայնիվ, զեկույցը մեջբերում է Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ նաև անցած տարի Ադրբեջանում ավերվել են եկեղեցիներ, որոնց փոխարեն կառուցվել են մզկիթներ կամ քաղաքացիական շենքեր, ինչպես օրինակ Սուրբ Թովմա վանքի կամ Սուրբ Սարգիս եկեղեցու պարագայում: Վերջինիս ավերումը, ըստ CHW-ի, արձանագրվել է մարտ-հուլիս ամիսներին և իր արտացոլումն է գտել Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերին կայացրած վճռում, որը կոչ է անում Ադրբեջանին կանխել նման դեպքերը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ձերբակալվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձինք
Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։Ադրբ...
Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը․ Sputnik
Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայանն...
Նյու Յորքը կամաց-կամաց անցնում է ջրի տակ
Նյու Յորքը, անցնում է ջրի տակ, գրում է Science Alert-ը, փոխանցում է Iz.ru - ն: Բացի այդ, պարզվել է, որ երկնաքերերը փլուզ...
Դոլարն, եվրոն, ռուբլին էժանացել են. ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 386.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.88 դրամով: Այդ մասին տեղե...