Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը․ Sputnik

Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայաններում Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսումից հետո: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դա բացասաբար կանդրադառնա հայկական ավիափոխադրողների վրա։ 


Ռուսաստանը Վրաստանի հետ ավիացիոն հաղորդակցությունն ընդհատեց 2019-ի հուլիսին, այն ժամանակ ավիաընկերությունները չվերթեր իրականացնելու այլընտրանքային տարբերակ գտան՝ այլ երկրներով տարանցումով: Երևանով իրականացվող թռիչքն ամենապահանջվածներից մեկն էր Մոսկվա-Երևան-Թբիլիսի շղթայում։ Այդ ժամանակ հայկական ավիաընկերությունների թռիչքների հաճախականությունը Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ մի քանի անգամ աճեց՝ օրական 5-ից հասնելով 10-20-ի։ 


Ու թեև Մոսկվայի և Թբիլիսիի միջև առաջին չվերթն իրականացվել է մայիսի 19-ին, Հայաստանում արդեն սկսվել է Երևանից Վրաստանի մայրաքաղաք թռիչքների չեղարկումը։ Հիմնականում դադարեցվել են այն չվերթերը, որոնց համար Երևանը տարանցիկ օղակ է Վրաստանի և Ռուսաստանի քաղաքների միջև։ 


Առաջիններից մեկը հայկական «Air Dilijans» ավիաընկերությունն է։ Ավիափոխադրողը մայիսի 22-ից չեղարկել է Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ բոլոր չվերթերը: Թբիլիսիից Երևան իր վերջին թռիչքը ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 22-ի առավոտյան: 
 

«Մայիսի 22-ից մենք չեղյալ ենք հայտարարում Երևանից Թբիլիսի թռիչքները առաջիկա 10 օրվա համար՝ կոմերցիոն նկատառումներով»,- Sputnik Արմենիային հայտնել են ավիաընկերությունից։ 


Այսպիսով` չեղյալ է հայտարարվել Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ շուրջ 10 չվերթ: «Air Dilijans»-ում միաժամանակ չեն բացառում առաջիկայում Երևանից Թբիլիսի ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է պահանջարկից։ 
Իրավիճակն ավելի կայուն է «Fly Arna» ավիաընկերությունում, որը նույնպես թռիչքներ է իրականացնում դեպի Վրաստանի մայրաքաղաք։ Sputnik Արմենիային ավիաընկերությունից հայտնել են, որ հետևելու են իրավիճակին, սակայն այս պահին չվերթերի վերսկսումն իրենց թռիչքների վրա որևէ ազդեցություն չի ունեցել։ 


«Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, որպեսզի հասկանանք, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա։ Այս պահին չվերթերի չեղարկում կամ թռիչքների ժամանակացույցի փոփոխություն չկա»,- ասել են ավիաընկերությունում։ 


«Fly Arna»-ում պարզաբանեցին, որ ավիացիան դինամիկ զարգացող ճյուղ է, և ՌԴ-ի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսումը կարող է տարբեր հետևանքներ ունենալ: Եթե տարանցիկ թռիչքներն ավելի շահավետ լինեն ուղևորների համար, ապա Երևանով չվերթերի պահանջարկը կարող է նախկին մակարդակին մնալ։ 


Ըստ ամենայնի, նույն իրավիճակն է նաև մեկ այլ ավիափոխադրողի՝ «FlyOne Armenia»-ի պարագայում։ Ամեն դեպքում առաջիկա օրերին նրանք նշված ուղղությամբ չվերթերի չեղարկում չունեն։ 
Քաղավիացիայի գլխավոր վարչությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսումը կազդի հայկական փոխադրողների կողմից Երևանի տարածքով իրականացվող չվերթերի քանակի վրա։ Սակայն ճշգրիտ գնահատական տալ չեն կարող։ 


«Դա հետևանքներ կունենա, բայց թե ինչ ծավալով և ինչպես, առայժմ հնարավոր չէ ասել»,- նշել են Քաղավիացիայի կոմիտեում։ 
 

Կոմիտեում ընդգծեցին, որ շատ բան կախված է հենց ավիաընկերություններից. եթե շահավետ լինի, ապա չվերթերը կպահպանվեն նախկին հաճախականությամբ, եթե ոչ, ապա փոխադրողները կարող են գնալ թռիչքների թվի կրճատման, իսկ գուցե և ընդհանրապես լքեն շուկան: 
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիացիոն հաղորդակցության արգելքը ուժի մեջ էր մտել 2019 թվականի հուլիսի 8-ից: Երկու երկրների միջև թռիչքները երրորդ անգամ էին դադարեցվում։ Առաջին անգամ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիացիոն հաղորդակցությունն ընդհատվել էր 2006 թվականի հոկտեմբերին։ Դա տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-28-ին Վրաստանում ռուս սպաների ձերբակալության շուրջ սկանդալի ֆոնին (վրացական կողմը նրանց լրտեսության մեջ էր մեղադրում)։ 


Երկրորդ անգամ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երրորդ անգամ՝ ընդդիմության կազմակերպած հակառուսական ելույթների ֆոնին, որոնց առիթը ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունն էր Վրաստանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի Գլխավոր ասամբլեային: