ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթյալները փորձում են ճեղքել ոստիկանական պատնեշը
Հազարավոր ներգաղթյալներ, որոնք մի քանի օր սպասել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթի կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկմանը, որոնք ավելի հայտնի են որպես « Բաժին 42», մնացել են առանց սննդի և ջրի, անտեսել են նոր կարգավորումների՝ «Բաժին 8»-ի կոշտ նախազգուշացումը, ըստ որի՝ նրանց կարող է սպառնալ արտաքսում և բանտարկություն, և փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը։
Համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում։
«Մեր սահմանները բաց չեն», - երեկ ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։ Նա շեշտել է, որ նոր փոփոխությունները ավելի ծանր հետևանքներ ունեն սահմանը հատողների համար, նույնիսկ ապաստան հայցողների համար։
«Եթե ինչ-որ մեկը այսօր կեսգիշերից հետո ժամանի մեր հարավային սահման, ապա կհամարվի ապաստան ստանալու իրավունք չունեցող և անօրինական մուտքի համար ավելի լուրջ հետևանքներ կունենա՝ ներառյալ առնվազն հինգ տարվա մուտքի արգելքը և հնարավոր քրեական հետապնդումը»,- ասել է նա:
Նախկինում «Բաժին 42»-ը երկարաձգվել էր մինչև մայիսի 11-ի կեսգիշեր: Նոր կարգը կգործի տեղի ժամանակով մայիսի 12-ի ժամը 00:00-ից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ապաստանի նոր կարգ է ներկայացրել։ Այժմ պաշտպանություն ստանալու ավելի շատ հնարավորություններ կլինեն, բայց միայն այն դեպքում, եթե ներգաղթյալը հատել է սահմանը օրինական ճանապարհով։ Հակառակ դեպքում նրան կմերժեն ապաստան տրամադրել և 5 տարով կարգելեն մուտք գործել երկիր։
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին մեկ օրում ռեկորդային թվով միգրանտներ են ձերբակալվել՝ ավելի քան 10 հազար։ Իշխանություններն ու բնակիչները մտավախություն ունեն, որ իրավիճակը կվատթարանա։