ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նապոլի»-ն 33 տարի անց կրկին Իտալիայի չեմպիոն է դարձել
«Նապոլի»-ն 33 տարի անց կրկին Իտալիայի չեմպիոն է դարձել: Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» մրցել է «Ուդինեզեի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։
Տանտերերի կազմից 13-րդ րոպեին հաշիվը բացել է Սանդի Լովրիչը, իսկ Նեապոլից ժամանած հյուրերի պատասխան գոլը 52-րդ րոպեին խփել է Վիկտոր Օսիմենը։ Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակել է 80 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների նկատմամբ` 33 տարի անց դառնալով Ա սերիայի չեմպիոն։
Վերջին անգամ նեապոլիտանական թիմը չեմպիոն դարձել էր 1989/90 մրցաշրջանում, երբ այնտեղ հանդես էր գալիս Դիեգո Մարադոնան։ Ընդհանուր առմամբ «Նապոլի»-ն Ա Սերիայի հաղթող դարձել է երեք անգամ։
Գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոստովանել է, որ հաղթանակը նվիրում է իր ֆուտբոլիստներին, ակումբի աշխատակիցներին ու երկրպագուներին, ովքեր արժանի են եղել այս տիտղոսին։
Երկրպագուները մեծ շուքով են տոնել հաղթանակը գիշերային Նեապոլում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարզադաշտում մասսայական ծեծկռտուք է սկսվել Իտալիայի առաջնությունում Նապոլիի հաղթանակից հետո: