Արթուր Ղազարյանը 1 նոկաուտով հաղթել է մրցակցին․ բռնցքամարտի ԱԱ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ):
Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ կունենա. ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հակոբյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեի հետ, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը նույն փուլում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքի հետ:
Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: