Ադրբեջանական կողմի մտացածին խոսույթներն ու պահանջներն օրեցօր փոխվում են․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի առաջ քաշած 8 նախապայմանին։
Հարց: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը օրերս ութ նախապայման է առաջ քաշել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերում, Ադրբեջանի օկուպացված ութ գյուղերի ազատում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում, որոնք Հայաստանի կողմից պետք է իրականացվեն Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման համար: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:
Պատասխան: Նախ պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմի մտացածին խոսույթներն ու պահանջներն օրեցօր փոխվում են և ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ կարծում ենք նաև ողջ միջազգային հանրությանն արդեն դժվար է հետևել ադրբեջանական կողմի շահարկումներին:
Ասվածի օրինակ է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ադրբեջանական խոսույթը: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը նախ հայտարարում էր, որ միջանցքը փակ չէ, հետո՝ միջանցքը փակ է, այսպես կոչված, «բնապահպանական ակտիվիստների» կողմից, այնուհետև, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես «էկոակտիվիստներ» հանդես եկող անձինք պահանջեցին իրենց կողմից ստուգման ենթարկել միջանցքով անցնող Կարմիր խաչի ավտոմեքենաները և մարդասիրական բեռները: Հաջորդիվ այդ գործողությունները սկսեցին պատճառաբանել ականների մտացածին տեղափոխմամբ, ապա՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո, կրկին սկսեցին հայտարարել, թե միջանցքը բաց է, իսկ արդեն ապրիլի 23-ին, քայլեր ձեռնարկելով Լաչինի միջանցքում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աղաղակող խախտմամբ անցակետ տեղադրելու ուղղությամբ, ի ցույց դրեցին ամիսներ շարունակ պետական մակարդակով կազմակերպված բեմադրության իրական նպատակը:
Վերադառնալով բուն հարցին՝ պետք է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում: Հայտնի է, որ դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայից պաշտպանվելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները կանխելու նպատակով արցախահայության կողմից ձևավորվել է պաշտպանության բանակ, որն այսօր էլ իրականացնում է իր ծառայությունը՝ գրեթե տասնամյակներ առաջ Ադրբեջանի կողմից ծրագրված նշյալ գործողությունների կյանքի կոչումը թույլ չտալու նպատակով: Պաշտպանության բանակը եղել և մնում է արդիական միմիայն Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ թվում՝ ԼՂ բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, սպանությունների, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղ սնունդի և դեղորայքի մատակարարման խափանման, գազի և էլեկտրականության մատակարարումների խափանման միջոցով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներով բարձրաձայնվող ութ գյուղերին, թարմացնելով ադրբեջանական կողմի հիշողությունը՝ պետք է նշել, որ դեռևս 1990-ական թթ. Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողեր, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի արդյունքում՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք: Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի, հետևաբար այն չի խախտվում իր զինված ուժերի առաջխաղացմամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում:
Ցավալիորեն, Հայաստանի կոչերն Ադրբեջանին՝ հարգել սահմանային գիծը, որը ճանաչվել է երկու երկրների կողմից դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաև իրավական հիմնավորումներ ներկայացնել նշյալ գյուղերից մի քանիսի կապակցությամբ, մնացել են անպատասխան: Ավելին, անպատասխան է մնացել նաև 1975թ. սահմանային գծից զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայկական կողմի առաջարկը, որը միանշանակ կնպաստեր սահմանային լարվածության նվազեցմանը և առկա մի շարք խնդիրների հասցեագրմանը:
Հայաստանը համոզված է, որ միայն կառուցողական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել բոլոր խնդիրների լուծմանը, իսկ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության հաստատմանը:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...
Մանրամասներ՝ Միրզոյան-Բայրամով բանակցություններից
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջ...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...