Կոմիտասում անգիտակից վիճակում ընկած մարդ է հայտնաբերվել. վերջինս մահացել է հիվանդանոցում
Երեւանում, ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 56 շենքի փողոցային հատվածում քաղաքացի է ընկած՝ անգիտակից վիճակում։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Արամ Չ․-ն է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` պարզելու տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե անզգուշության հետևանք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։