Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը երեկ` ապրիլի 15-ին, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին։ Այս մասին հայտնում են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից:

 

Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:

 

«Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,–հայտնում են ՀԿ–ից։

 

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։

 

Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս:

 

 

 

Քաղաքականություն