Baykar-ը կարևոր դեր է խաղացել ղարաբաղյան պատերազմում․ Ալիևը Սելջուկ Բայրաքթարին պարգևատրել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում ընդունել է թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին, հայտնում է Anadolu-ն՝ հղում տալով երկրի նախագահի կայքին։
 

Հանդիպմանը Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը մեծ հաջողությունների է հասել, և որ «Բայքար» ընկերությունը այդ հարցում առաջատար դերերից մեկն է կատարել։

 

Հաղորդվում է, որ Ալիևը նշել է Baykar ընկերության արտադրանքի՝ 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած դերը։ Ալիևը բարձր է գնահատել Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում թուրք ժողովրդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը։ Ալիևը նշել է, որ Բայրաքթարին պարգևատրել է «Ղարաբաղ» շքանշանով։
 

Բացի դա, հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։

Բայրաքթարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպման ընթացքում էլ Հասանովը Բայրաքթարին պարգևատրել է «ռազմական համագործակցության ոլորտում ունեցած վաստակի համար» մեդալով:

 

Armenia Today-ի հաղորդմամբ՝ թուրքական ընկերության ղեկավարի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների արդյունքում տեղի ԶԼՄ-ները հրապարակել են լուսանկարներ, որոնցում Բայրաքթարը Ալիևին է հանձնում թուրքական քիչ նկատելի Kızılelma հարվածային անօդաչուի մակետը, որը ներկայումս մշակվում է Baykar ընկերության կողմից: Անօդաչու թռչող սարքի առաջին նախատիպն արտադրության է դրվել 2022 թվականի մարտին, իսկ Kızılelma-ի առաջին թռիչքի մասին հաղորդվել է 2022 թվականի դեկտեմբերին։