«Նա Էդուարդ Սպերցյանն է, նա երբեք Հենրիխ Մխիթարյան չի լինի»․ Բայրամյան

Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport-Express-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի մասին։ Այս մասին գրում է armsport.am-ը:


– Ի՞նչ եք կարծում, ժամանակի ընթացքում Սպերցյանը կկարողանա՞ փոխարինել Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքականի առաջատարի դիրքում և արդյո՞ք հավաքականի խաղը կկառուցվի նրա շուրջ։


– Նա Էդուարդ Սպերցյանն է, նա երբեք Հենրիխ Մխիթարյան չի լինի։ Ամեն մեկն իր ուղին ունի, ու հիմա տեսնում ենք, որ Էդիկը մեծ ներուժ ունի։ Նա դա ցույց է տալիս ինչպես «Կրասնոդարում», այնպես էլ ազգային հավաքականի խաղերում։ Ուստի հիմա շատ ակումբներ ուշադիր հետևում են նրան։ Ուղղակի Էդիկին մաղթում եմ, որ նրա ուղին Հենրիխից ոչ պակաս լուսավոր լինի։ Ամբողջ ազգը, ընտանիքը, ընկերներն ուրախ ու երջանիկ կլինեն նրա համար։ Բայց դրա համար նա պետք է շատ աշխատի։


– Հիմա Մխիթարյանի՝ հավաքականում բացակայությունը խի՞ստ է զգացվում:

 

– Այս տրամաչափի, նման որակներով խաղացողը, ով տասը տարուց ավելի հանդես է գալիս բարձրագույն լիգաներում, գավաթներ է նվաճում, Եվրոպա լիգայի եզրափակչում գոլ խփում, միշտ պետք է: Նա միշտ կօգնի: Իմ կարծիքով՝ նրա հետ ցանկացած պահի և ցանկացած մարզչի հետ ազգային հավաքականն ավելի ուժեղ կլիներ։

 

– Խոսե՞լ եք նրա հետ, թե ինչու նա որոշեց ավարտել կարիերան հավաքականում: Հուսո՞վ եք, որ կարող է փոխել իր կարծիքը:

 

– Ես նրան տեսել եմ դեկտեմբերին, երբ գործերով Միլանում էի։ Մենք նստեցինք և խոսեցինք. շնորհակալ եմ նրան ժամանակ գտնելու համար, չնայած «Ինտերում» զբաղված գրաֆիկին: Չեմ կարող նրան համոզել, բայց շատ կուզենայի, որ նա վերադառնա հավաքական։ Եվ ես հույս ունեմ, որ այդպես կլինի: Թե ինչու է նա այդպես որոշել, ես իսկապես չգիտեմ:

Քաղաքականություն