ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքի հետեւանքով, հայ արտադրողները կարող են մի քանի միլիոն դոլար կորցնել
«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։
«Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության՝ ռուսաստանյան ստացողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անկարողության մասին», - ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության տեքստում։
Նշվում է նաեւ, որ բողոքարկումը կապված է ստուգման անբավարար արդյունքների հետ, որոնք նախկինում հաղորդվել էին։
Ելնելով անցյալ տարվա պաշտոնական վիճակագրությունից՝ կարելի է եզրակացնել, որ, Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի հետեւանքով, հայ արտադրողները կարող են մի քանի միլիոն դոլար կորցնել։
Այսպիսով, ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը 2022 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանել.
կաթ եւ սերուցք՝ ավելի քան 8 տոննա՝ 11,8 հազար դոլար արժողությամբ,
խտացրած կաթ եւ կաթի փոշի՝ 38 տոննա՝ 120 հազար դոլարի չափով,
թան, մածուն եւ կեֆիր՝ գրեթե 313 տոննա՝ ավելի քան 345 հազար դոլար արժողությամբ,
կարագ եւ կաթնային մածուկ՝ ավելի քան 953 տոննա՝ ավելի քան 5,2 միլիոն դոլար արժողությամբ,
պանիր եւ կաթնաշոռ՝ ավելի քան 648 տոննա՝ ավելի քան 4,2 միլիոն դոլար արժողությամբ։