Գեղարքունիքի մարզում արձանագրվել է անասնագլխաքանակի անկում. հայտնի են պատճառները

Գեղարքունիքի մարզում 2022 թվականի համեմատ արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Մարզի խորհրդի առաջին նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին զեկուցել է մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

 

«Մարզում, մասնավորապես, 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 78 859 գլուխ խոշոր, 95 116 գլուխ մանր եղջերավոր անասուն, 9570 գլուխ խոզ։ 2022 թվականին մարզում կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան, որը 2021 թվականի համեմատությամբ ավել է 2228 հեկտարով»,-ասել է Պետրոսյանը:

 

Նա հայտնել է նաև, որ մարզի համայնքներում առկա 1362 տրակտորները և 1144 գյուղգործիքները լիովին բավարար են 2023-ին գարնանացանի աշխատանքները ժամանակին և որակով կատարելու համար:

 

«Մեզ չափազանց լարված և պատասխանատու աշխատանքային ժամանակաշրջան է սպասվում, որը, համոզված եմ` միայն կարող ենք հաղթահարել համատեղ ջանքերի արդյունքում»,-նշել է Կարեն Սարգսյանը։

 

«Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանն էլ նշել է, որ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է սկսել ապրիլ ամսից։ Աշխատանքներ են տարվելու պոմպակայանների, ջրատարների նորոգման և մաքրման, ջրամբարների կարգավորման և այլ ուղղություններում և արվելու է հնարավորը ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար։

 

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 20222-ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ են վարել հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառել էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քաղաքականություն