«Առաջին մեղավորը ես եմ, իսկ ֆուտբոլիստները խաղացին անմնացորդ». Պետրակովը` պարտության մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը համարում է, որ Թուրքիայի հետ խաղում պարտվելու գլխավոր մեղավորն ինքն է։ Նա այդ հայտարարությունն արեց Հայաստան–Թուրքիա խաղից հետո հրավիրված ասուլիսում։
«Եթե ուզում եք մեղադրել ինձ մեղադրե՛ք, բայց մեր ֆուտբոլիստները խաղացին անմնացորդ նվիրումով։ Եղան տակտիկական սխալներ, բայց ես մեր թիմի խաղից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Մենք խաղային համակարգի փոփոխություն արեցինք ընթացքում, բայց նույնը արեց նաև մրցակիցը։ Դժվար է մեկ շաբաթվա ընթացքում ինչպես հարկն է ծանոթանալ ֆուտբոլիստներին ու նրանց հնարավորություններին»,- ասաց Պետրակովը։
Նա անդրադարձավ նաև հավաքականի նորեկներ Նաիր Տիկնիզյանի, Ուգուչուկվու Իվուի և Գեորգի Հարությունյանի խաղին։
«Թեպետ այս ֆուտբոլիստներն առաջին անգամն էին կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, բայց ես գոհ եմ նրանց խաղից։ Իսկ ինչ վերաբերվում է խաղադաշտում հավասար մրցակցությանը, ապա ես պետք է քնեմ, հանգստանամ, հետո նոր դիտեմ խաղն ու հասկանամ ամեն ինչ։ Ամեն դեպքում թիմը պարտվել է, ու առաջին հերթին մեղավորը ես եմ»,- ընդգծեց Պետրակովը։
Գլխավոր մարզիչը նշեց, որ առաջիկայում նոր ֆուտբոլիստներ է փնտրելու և հրավիրելու հավաքական։
Հիշեցնենք` Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի թիմին և 1։2 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։