«Պատրաստ էի մեկնել Միլան, նա չցանկացավ հանդիպել». ՀՀ գլխավոր մարզիչը` Մխիթարյանի մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին իսկ օրից փորձել է կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց՝ ապարդյուն։
Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նա հայտարարեց, թե տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։
«Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն ասել է, որ արդեն կայացրել է իր որոշումն ու չի պատրաստվում փոխել այն։ Կարծում եմ՝ պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտոբլիստ է, անձամբ չեմ ճանաչում նրան, բայց, բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով, լսել եմ, որ շատ լավ մարդ է ու շատ լավ ֆուտբոլիստ»,- ասաց Պետրակովը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն առանձին հանդիպում է խնդրել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց Մխիթարյանը չի ցանկացել։
«Պատրաստ էի մեկնել Միլան, որպեսզի պարզապես զրուցենք, սակայն նա չցանկացավ հանդիպել»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։