«Մխիթարյանը չուզեց շփվել, իր որոշումը չի ուզում փոխել». գլխավոր մարզիչը` Հայաստան-Թուրքիա խաղի մասին

Մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդիպել է լրագրողների հետ։

 

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշեց, որ Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կողմից իր առջև առաջադրանք է դրվել պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։

 

«Ես բոլոր ֆուտբոլիստների հետ շփվել եմ տարբեր տեղերում, հեռախոսով և համացանցով։ Բայց անձնական շփումը, սեփական աչքերով ֆուտբոլիստներին տեսնելը գործի մեջ ավելի եմ կարևորում։ Ֆուտբոլիստի մասին կարծիք կազմելու համար պետք է տեսնել նրանց գոնե մարզումների ժամանակ։ Հավաքականում հիմա բոլորն էլ շատ լավ տղաներ են, լավ տրամադրված։ Ուղղակի ես կուզենայի ու ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները զերծ մնային քաղաքականությունից և առաջնորդվեին միայն սպորտային մղումներով։ Ֆուտբոլը մեզ համար խաղ պետք է լինի առանց քաղաքականության», - հավելեց Ալեքսանդր Պետրակովը։

 

Հավաքական Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու մասին գլխավոր մարզիչը խոսեց բավականին հակիրճ․

 

«Ես մի քանի աղբյուրների միջոցով փորձեցի շփվել Մխիթարյանի հետ։ Գիտեմ, որ Հենրիխը եզակի ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար։ Փորձեցի առաձնազրույց էլ ունենալ՝ որպես միջնորդ օգտագործելով Ռոման Բերեզովսկուն։ Մխիթարյանը չուզեց շփվել, նշելով որ իր որոշումը չի ուզում փոխել, ու Հայաստանի հավաքականին հաջողություններ ցանկացավ։ Դա նրա որոշումն է, և պետք է հարգել այդ որոշումը», - ասաց Պետրակովը։

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի կազմի հետ կապված խնդիրներին Պետրակովը նշեց, որ դժվարություններ կան պաշտպանությունում։ Մարզչին դուր է եկել Ստյոպա Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի խաղը, սակայն այս ֆուտբոլիստները հիվանդության պատճառով լիարժեք պատրաստ չեն առաջիկա խաղին։ Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ խնդիրներ ունեն դարպասապահի հարցում։

 

 Եվրոպայի 2024 թվականի ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսում է մարտի 25-ին Երևանում, Թուրքիայի ընտրանու հետ։ Թե ինչքանյով կհասցնի ճանաչել թիմին մինչ այդ խաղը Ալեքսանդր Պետրակովը, ցույց կտա մրցավեճը։