ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնի Ռոստովի սահմանապահ վարչության շենքի հրդեհից տուժածներ կան. մանրամասներ
Հաղորդել էինք, որ Դոնի Ռոստովում հրդեհվել է Սիվերսի 20 հասցեում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության տեղական բաժանմունքի շենքը: Դեպքի վայրում աշխատում են հրշեջների և Արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը:
Հաղորդվում է, որ պահեստի մուտքի մոտ փրկարարները հայտնաբերել են երկու տուժած տղամարդու։ Նրանցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է. վերջինս ստացել է այրվածքներ, կոտրվածքներ, գլխի վնասվածք: Այս մասին հաղորդում է Readovka-ն:
Շենքի նկուղում դեռ մարդիկ կարող են լինել։
Նախնական տվյալներով` բռնկված հրդեհի պատճառը էլեկտրական լարերի բռնկումն է։ Մալուխից կրակը տարածվել է վառելիքի և հրավառ նյութերի միջոցով։ Այնտեղ մոտ 10 տոննա վառելիք, քսանյութեր, ներկեր ու լաքեր են պահվել։ Անձնակազմը չի կարողացել ինքնուրույն մարել այն։
Հրդեհի մակերեսն այժմ ավելի քան 800 քմ է։
Իրավապահ մարմինները հայտնում են, որ պահեստում զինամթերքը շարունակում է պայթել, շենքը դեռ կրակի մեջ է։ Նաև զինամթերքի կողքին այրվող և վառելիքի բաքեր կան: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զրահապատ վահաններ է խնդրում՝ բեկորներից պաշտպանվելու համար։ Հրդեհի վայր է բերվել զրահապատ տանկ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն ստացվեց` Դոնի Ռոստովում այրվում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վարչության շենքը: