ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱՄՆ-ում ստեղծել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մտքի ուժով տեքստ մուտքագրել համակարգիչ
Ամերիկյան Synchron ստարտափը, որը մասնագիտացած է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսների ստեղծման մեջ, ստեղծել է տեխնոլոգիա, որն անդամալույծ մարդկանց թույլ կտա տեքստը մուտքագրել մտքի ուժով։
Synchron Switch կոչվող նեյրոիմպլանտի օգնությամբ, որը ուղեղի մեջ է դրվում արյունատար համակարգի միջոցով, կաթված ստացած մարդը կկարողանա մտքի ուժով կառավարել համակարգչի կուրսորը։ Սա կօգնի կաթված ստացած կամ դեգեներատիվ հիվանդություններ ունեցող հիվանդներին վերականգնել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու կարողությունը՝ հաղորդագրություններ ուղարկելով, առցանց գնումներ կատարելով և այլն:
Մինչ այժմ Synchron Switch չիպի ներդրման յոթ հաջող վիրահատություն է կատարվել՝ չորսը Ավստրալիայում և երեքը՝ ԱՄՆ-ում։ Switch իմպլանտի օգտագործման անվտանգությունն ապացուցելու համար ընկերությունը պետք է ԱՄՆ-ում կատարի առնվազն վեց վիրահատություն։
Synchron-ի գործադիր տնօրեն Թոմ Օքսլին ասել է, որ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու ունակության կորուստը աներևակայելի կերպով մեկուսացնում է մարդուն և դրա վերականգնումը շատ զգացմունքային կերպով վերականգնում է մարդու ուժերը։
Synchron վստահեցնում է, որ ընկերության ֆինանսավորումը կօգնի արագացնել արտադրանքի զարգացումը և սկսել հիմնական կլինիկական փորձարկումները, որոնք տեխնոլոգիան ավելի կմոտեցնեն դրա առևտրայնացմանը: Նշենք, որ 2022 թ․ դեկտեմբերին Synchron-ը կարողացել է 75 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավել։ Ստարտափի ներդրողների թվում էին Microsoft-ի գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը և Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը։
Ավստրալիայում BCI Synchron համակարգի փորձարկման արդյունքները այս տարվա հունվարին ցույց են տվել, որ տեխնոլոգիան անվտանգ է և վիրահատությունից հետո մինչև 12 ամիս ազդանշանի որակը կամ կատարողականությունը չի վատանում։
Synchron-ը հիմնադրել են դոկտոր Թոմ Օքսլին և պրոֆեսոր Նիկ Օփին 2016 թ․: Այն տեղակայված է Նյու Յորքում, սակայն ընկերության հետազոտություններով ու զարգացմամբ զբաղվող բաժինները տեղակայված են Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։
Նիկ Օփին այս գաղափարի վրա աշխատել է ավելի քան մեկ տասնամյակ։ Չիպի տեղադրման նրա մշակած տեխնոլոգիան չի ենթադրում ուղեղի բաց վիրահատություն, փոխարենը օգտագործվում է նվազագույն ինվազիվ պրոցեդուրա՝ չիպը տեղադրվում է ուղեղին մոտ արյունատար անոթներից մեկում։
Synchron-ի տեխնոլոգիան այժմ ԱՄՆ-ի կլինիկական փորձարկումների փուլն է անցնում, որի ընթացքում տեխնոլոգիան փորձարկվում է առօրյա առաջադրանքներ կատարելու համար, ինչպիսիք են տեքստային հաղորդագրություններ ուղարկելը, էլեկտրոնային փոստը, առցանց գնումները և այլն։
Ուղեղում իմպլանտների տեղադրման ոլորտում գործունեություն է ծավալում նաև Tesla-ի և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկին պատանող Neuralink ընկերությունը, որը 2022-ի վերջում հայտարարել էր, որ մարդկանց վրա ուղեղի իմպլանտների փորձարկումը նախատեսում է սկսել արդեն 2023 թ․։
Neuralink-ն այժմ աշխատում է արտադրանքի կատարելագործման վրա, որը բաղկացած է փոքրիկ սարքից և էլեկտրոդներով լարերից, ինչպես նաև ռոբոտից, որը պետք է կտրի մարդու գանգի մի հատվածը, որպեսզի չիպը տեղադրի մարդու ուղեղում։ Սարքի նպատակն է օգնել այն մարդկանց, որոնք տառապում են ինսուլտի հետևանքներից։ Սարքի շնորհիվ նրանք կկարողանան հաղորդակցվել և իրենց մտքերն արտահայտել համակարգչի միջոցով։
Neuralink-ն զբաղվում է նաև մարդու ողնուղեղում տեղադրելու նպատակով հատուկ չիպերի մշակմամբ, որոնք քայլելու հնարավորությունից զրկված մարդկանց պետք է օգնեն կրկին քայլել։
Neuralink տեխնոլոգիական ստարտափը ստեղծվել է 2016 թ․, սակայն այն երկար ժամանակ մնում էր Մասկի ամենագաղտնի պահվող բիզնեսը։ Գործնականում ոչ մի մանրամասն այս ընկերության մասին չկար մինչև 2019 թ․, երբ Մասկը հրապարակեց լուսանկար, որում երևում էր առնետ՝ ուղեղի իմպլանտով: