Խորհրդարանական հանձնաժողովը քննարկել է Սիրիայի հետ օդային հաղորդակցության համաձայնագրի վավերացման հարցը

«Հայաստանի կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի վավերացումը թույլ կտա երկու երկրներին լիարժեք օդային փոխգործակցություն հաստատել։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, փետրվարի 22-ին հարցի քննարկման ժամանակ ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

 

Այդ հաղորդակցությունը, նրա խոսքով, թույլ կտա նաեւ զարգացնել միջազգային համագործակցությունը։ Դա կապահովի նաեւ կանոնավոր երկկողմ ավիահաղորդակցություն։

 

 «Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը։ 

 

Մշտական ավիաչվերթների իրականացումը չափազանց դրական ազդեցություն կունենա Սիրիայի հայ համայնքի՝ Հայաստան այցելելու, ինչպես նաեւ միջպետական, խորհրդարանական եւ այլ պատվիրակությունների փոխադարձ այցելությունների հնարավորությունների վրա։ 

 

Հաշվի առնելով վերն ասվածը, ինչպես նաեւ այն, որ վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք իրավական կարգավորմանը մշտական ավիափոխադրումների ոլորտում, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համաձայնագրի վավերացումը համարել է նպատակահարմար»,- ասել է փոխնախարարը։

 

Կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ 

Քաղաքականություն