«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է». Միրզոյանը` ՀՀ սահմանին անցակետեր դնելու մասին

 Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով,  հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: 

Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե  հայկական կողմին առաջարկել են, որ Զանգեզուրի միջանցքի սկզբում ու վերջում, նաև Լաչինի ու Հայաստանի միջև անցակետեր պետք է լինեն: 

«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց մեր պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է. Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո այս դիրքորոշումը հնչեցվել է, և այն մնում է նույնը. Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,-ասաց Միրզոյանը: 

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ Լաչինը բացելու դիմաց, ԱԳ նախարարը հավելեց՝ վերլուծելիս կարելի է տեսնել ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Այս նարատիվը նոր չէ, և հայկական կողմի դիրքորոշումն էլ դրա կապակցությամբ նոր չի հնչեցվում: 

«Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը ողջ բանակցային գործընթացում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը՝ աշխարհին ու Հայաստանին կապող, հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն՝ ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը: Եվ բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը դա ընդունել են, դա նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դրանում ևս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը»,-ասաց Միրզոյանը: 

Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որի շուրջ պայմանավորվածություններ կան և նոյեմբերի 9-ի փաստաթղթում և 2021-ի հունվարի 11-ի փաստաթղթում՝ հայկական կողմի դիրքորոշումը կրկին նույնն է ու շատ կառուցողական: 

«Մենք կարող են րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակում ու օրենսդրության  ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա կարծում եմ՝ շատ հիմնավոր, շատ կառուցողական ու շատ թափանցիկ մոտեցում է, մեր առաջարկն ու պատրաստակամությունն է»,-ասաց ԱԳ նախարարը: 

Հայկական կողմը բացառում է, չի ողջունում նոր ուժի կիրառմամբ սպառնալիքների ներքո եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև ադրբեջանական կողմի հայտարարություններում:

Քաղաքականություն