Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 40 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ

Հանգստյան օրերին Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, նույնքան մարդ անհետ կորել է, հայտնում է Globo-ն:

 

Ինչպես նշվում է՝ 40 մահերից 39-ը գրանցվել է Սան Սեբաստիանի մունիցիպալիտետում, ևս մեկը՝ Ուբատուբայի մունիցիպալիտետում, որտեղ մահացել է յոթնամյա աղջիկ։

 

Սան Պաուլո նահանգի մի շարք բնակավայրերում խափանվել են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը, ինչպես նաև բջջային կապը։ Սողանքները արգելափակել են երթևեկությունը նահանգի մի քանի հիմնական մայրուղիներում:

 

Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ շաբաթ և կիրակի օրերին նահանգի չորս մունիցիպալիտետներում ավելի քան մեկ ամսվա անձրև է տեղացել: Վեց մունիցիպալիտետներում արտակարգ դրություն է հայտարարվել։

 

Ամենաշատ տուժած Սան Սեբաստիանում տեղացել է 627 միլիմետր անձրև, ինչը երկու անգամ գերազանցում է ամբողջ փետրվարի միջինը: Այնտեղ, ըստ քաղաքի քաղաքապետի, ավերվել է հիսուն տուն։

 

Բերտիոգայում տեղումները՝ 683 միլիմետր 24 ժամում, ռեկորդային են եղել Բրազիլիայի պատմության մեջ։