Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 40 000-ի
Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39 672-ի, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
Նախկինում հաղորդվում էր 38044 մահացածների մասին։
Փրկարարները շարունակում են աշխատել տուժած շրջաններում, հայտնում են փլատակներում ավելի քան տասը օր անցկացրած մարդկանց փրկության հազվադեպ դեպքերի մասին:
Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի նախարարությունը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով ավերվել է ավելի քան 84 հազար շենք։
Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեդ Էրսոյն ուրբաթ այցելել է Թուրքիայի հարավ-արևելքում տուժած շրջաններ, որտեղ գնահատել է հասցված վնասի չափը, մասնավորապես՝ մշակութային և արվեստի օբյեկտներին։ Նա խոստացել է, որ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մարտին։
Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկը եղել է 7,6 մագնիտուդով։ Այս ցնցումները մեծ ավերածություններ ու զոհեր են պատճառել երկրում, ինչպես նաև հարևան Սիրիայում։