Զինծառայող Գիշյանի կյանքի իրավունքի խախտման առնչությամբ Ադրբեջանի դեմ գանգատ է նախապատրաստվում. Սահակյան

Զինծառայող Դավիթ Գիշյանի կյանքի իրավունքի խախտման առնչությամբ Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան գանգատ է նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Միազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
 

Սահակյանն ասել է, որ փորձաքննության արդյունքներն առկա են եւ ակնհայտ է, որ Գիշյանի մահվան առնչությամբ Ադրբեջանի պատասխանատվություն գոյություն ունի:
 

«Կյանքի իրավունքի խախտման առնչությամբ գանգատ է նախապատրաստվում: Այստեղ նախ պետությունը թերացել է՝ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու հարցում, մյուս կողմից նաեւ կենդանության օրոք դեռեւս հասցվել են վնասվածքներ, որոնք կյանքի հիմքի հետ կապված հարցեր են առաջացնում: Այսինքն՝ այս երկու փաստերի համակցությամբ կարծում ենք, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի Գիշյանի կյանքի համար»,- ասել է Սիրանուշ Սահակյանը:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերին վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Գիշյանին ադրբեջանցիներն իբրեւ վիրակապում էին, որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ զինծառայողը մահացել է: Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաեւ Դավիթի մարմինը։