Նախկին պատգամավորի որդին առևանգել է Արարատում հայտնի գործարարի Prado-ն և վթարի ենթարկվել. ԶԼՄ

Այսօր արտակարգ դեպք և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի կամրջի հարևանությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

Պարզվել է, որ նշված վայրում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «04»-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի նշված ավտոմեքենայի միջից օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» ԲԿ։

 

Toyota-ն պատկանում է Արարատի մարզում հայտնի գործարար, «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին, և նշված ավտոմեքենան գործարանից առևանգել էին, ինչի առթիվ Ա. Սարգսյանը ահազանգ է տվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ հայտարարվել է ավտոհետախուզում։ 

 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաև Ա. Սարգսյանը Գագիկ Շամշյանին ասել են, որ ավտոմեքենան առևանգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան, ով վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։