Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

 

տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով  այս պահին առավել կարևորելով  հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ ընդիմադիր քաղաքական գործչին միշտ փորձելու են հեռու պահել բանակից,  որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել հայ զինվորի և հայոց բանակի խնդիրների լուծման աջակցությանը:

 

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքականության մեջ մտնելու իմ որոշումն ունեցել է միմիայն հետևյալ դրդապատճառները՝

 

• ընկալումը, որ իմ և հազարավոր մայրերի զավակները դարձան 30 տարի մեր երկրում վարվող  քաղաքականության արդյունքում իշխանության եկած ապազգային տարրերի հայրենադավության զոհը:


• գիտակցումը, որ ինչքան էլ մենք տքնենք լինել լավ մանկավարժ, բժիշկ, գիտնական ու որևէ այլ մասնագետ և անբասիր ծառայենք մեր Հայրենիքին, արդյունք չի տալու, եթե երկիրը կառավարում են երկիրը չսիրող, հայրենատիրական ապրումից ու ազգի հավաքական արժանապատվություն համար պատասխանատվության զգացումից զուրկ և մշտապես «տերեր» փնտրող անձինք կամ նրանց շուրջ հավաքված մարդիկ:

 

• համոզմունքը, որ հարկավոր է ստեղծել հայակենտրոն, հայաշահ և նախ սեփական ուժերին ապավինող նոր քաղաքական ուժեր:


• հավատը, որ ժամանակի հրամայականն է մաքրել ՀՀ քաղաքական ողջ այլախեղված կառույցի փլատակները և նպաստել  դրանք երիտասարդ, արհետավարժ ու  Հայրենիքին անանձնական սիրով նվիրված անձանցով ու ուժերով փոխարինելու անխուսափելի գործընթացին:


• և ի վերջո նպատակը՝  շարունակել մեր զավակների պայքարը, վերադարձնել նրանց ինքնազոհողության իմաստը և նրանցից գողացված հաղթանակը:

 

 Իմ քաղաքական գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ես խորապես ընկալեցի 2 բան. այն որ տարիներ շարունակ երկրում տարվող հակամարդկային, հակաժողովրդական, հակազգային քաղաքականության արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվել է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի և ուժի նկատմամբ անվստահություն, անհավատություն ու խորշանք, և այն որ ազնիվ ու կարող մարդիկ խուսափելով այս կամ այն կերպ մասնակիցը դառնալ երկրում վարվող քաղաքականությանը, քաղաքականությամբ զբաղվող ապիկարներին են թողնում մեր և մեր զավակների ճակատագիրը:

 

Այս ամենով հանդերձ, այս պահին քաղաքական գործունեությունս փոխարինելով առավել ակտիվ հասարակական գործունեությամբ, հավաստում եմ, որ շարունակելու եմ հնարավորություններիս առավելագույնի չափով նպաստել երիտասարդ քաղաքական գործիչների և ուժերի գործունեությանն ու կայացմանը, ուշադրությանս կենտրոնում եմ պահելու  երկրում առկա թե քաղաքական և թե քաղաքակրթական խնդիրները և ամեն ինչ անելու եմ Մենուայիս և մեր մյուս բոլոր զավակների պայքարը ավարտին հասցնելու համար:

 

Շնորհակալություն եմ հայտնում «5165 շարժման» ամբողջ թիմին, որ առաջնորդվելով միայն իմ ապրած կյանքի և գաղափարների նկատմամբ ունեցած հարգանքով, առաջարկեցին ինձ առաջնորդել շարժումը, դրանով իսկ Հայաստանի քաղաքական դաշտում սկիզբ դնելով  անկուսակցական անհատի կողմից քաղաքական ուժի ղեկավարման նոր մշակույթին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գաղափարը պետք է համախմբի և առաջնորդի քաղաքական ուժին, և ոչ թե որևէ անձ: Հաջողություն եմ մաղթում իմ ընկերներին և հավաստում, որ  քանի դեռ այս քաղաքական ուժը հավատարիմ կմնա իր նպատակին և գաղափարին, ես միշտ կհետևեմ և կսատարեմ իրենց, միաժամանակ լինելով 1-ին քննադատը և խորհրդատու: 

 

Ես հավատում եմ մեր երկրի ապագային, որի համար զոհաբերվել է մեր լավագույն զավակների կյանքը, իսկ այդ ապագան սկսվում է անվտանգությունից և հայոց հզոր բանակի կայացումից:


Աստված և Հայրենիք»,- գրել է նա: