ՀՀ-ն 2022-ին Ադրբեջանին է փոխանցել մարդկային մնացորդներով 67 պարկ. ՄԱԿ-ում ադրբեջանցի դեսպանի նամակը Գուտերեշին

 ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշել է, թե Երևանը «խախտել է» միջազգային մարդասիրական իրավունքը, գրում են ադրբեջանական լրատվականը։ 

Ադրբեջանի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 30 տարի շարունակ «թաքցրել են» 3890 անհետ կորած ադրբեջանցու հայտնաբերման փաստերը։ 

Գուտերեշին ուղղված նամակում նշվում է նաև, որ 2022 թվականին Երևանը Բաքվին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ։ 

Հունվարի 23-ին Ադրբեջանի կառավարությունը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը, որը տեղեկություններ է պարունակում 30 տարվա ընթացքում «Հայաստանի էթնիկ զտումների և այլ գործողությունների»  հետևանքով «զոհված, վտարված և տուժած» ադրբեջանցիների մասին։ 

 

Հարկ է նշել, որ հնարավոր չէ հստակ նշել, թե որքանով են ադրբեջանցու խոսքերը հավաստի: Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ:  

Փաշինյանն ասել է, որ այդ քայլը հայկական կողմը կատարում է առանց նախապայմանների, դա հումանիտար հարց է և «մեզ համար առևտրի ենթակա չէ»։

Քաղաքականություն

Պատահարներ