«Բանակի թուլացումը գալիս է ԳՇ պետից, նախարարից, վարչապետից, սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն». զոհված զինվորների դասակի հրամանատար
Դեպքը տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. բենզին են օգտագործել, բայց տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորական զորամասոի հրդեհված կացարանի դասակի հրամանատարը: Ըստ նրա՝ ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, 3-ը վիրավոր են, ևս 4 զինծառայող եղել է դրսում:
Անդրադառնալով կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վառարանը, ապա ինքն է այրվել ու 5 լիտրանոց տարան նետել է կացարանի կողմը, հրամանատարն ասաց. «Դա միայն վարկած է, ես չեմ կարող ասել, դա քննչական մարմիններից կարող եք ճշտել»:
Հարցին՝ ով է եղել այդ ենթադրյալ սպան, որ բենզինը լցրել է վառարանի մեջ, նա արձագանքեց. «Ո՞վ է ենթադրում, զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք: Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որը չեմ կարող բարձրաձայնել: Սա այդ դեպքը չի: Եթե կա մահ, չեմ կարող ստեղծել վարկած ու բարձրաձայնել: Վառարանը միշտ էլ վառված է եղել, երեւի կրակը թեժացնելու համար է կիրառվել բենզինը, եթե ելնենք այդ վարկածից: Ջեռուցելու համար հիմնականում օգտագործում ենք ցախ, քարածուխ, գազ չկա»:
Հրամանատարն անդրադարձավ նաև պատասխանատվության խնդրին: Նա նշեց, որ բանակի թուլացումը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: «Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, ինձ չի հետաքրքրում, ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»,- ասաց նա:
Ըստ նրա՝ տրամաբանական չէ, որ պաշտոններից ազատվել են կորպուսի հրամանատարը, նրա տեղակալը, սակայն հրաժարական չեն տվել պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը. «Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի, մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում՝ դուք, ես՝ որպես սպա և այլն»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ: