Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:
Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման ներկայացուցչական պատվիրակության հետ: Ձեր այցը շատ կարևոր է մեզ համար և ունի թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական իմաստ: Կարծում եմ՝ այցն առաջին հերթին ի ցույց է դնում այն քաղաքական դինամիկան, որը գործնականում մեր երկրի անկախության ողջ շրջանում անընդհատ արտահայտվել է նորանոր դրսևորումներով: Շատ ուրախ եմ արձանագրել, որ նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք մենք անվանում ենք առանձնաշնորհյալ, իրենց հենց այդ վերնագրին համարժեք արտահայտությունն են գտնում պետական կառավարաման և տեղական ինքնակառավարման բոլոր մակարդակներում:
Շատ կարևոր է ընդգծել՝ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ մենք մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ առաջացող և գոյություն ունեցող բոլոր խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում, հատկապես Ֆրանսիայի խորհրդարանական պալատներում, և դա շատ կարևոր է մեզ համար: Մենք անընդհատ առիթներ ենք ունենում ծափահարելու Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին և, եթե ես հիմա այդ առիթները թվարկեմ, նույնիսկ բավական երկար կտևի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և մեր խորհրդարանական գործընկերներին այդպիսի քաղաքական կամքի համար: Համոզված եմ, որ այս քաղաքական և մարդկային ջերմությունը, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունի երկար տարիներ, նորանոր առարկայական դրսևորումներ կունենա»:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել բարեկամ Հայաստանում: Յաել Բրաուն-Պիվեն հիշատակել է Ազգային ժողովի և Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ընդունած հայտարարությունների ու բանաձևերի փաստը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ակտիվորեն ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները և հետամուտ լինել դրանց լուծմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և կարևորվել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը և Յաել Բրաուն-Պիվեն շեշտել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, կարևորվել է տնտեսության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում կապերի էլ ավելի խորացումը: Տեղեկացվել է, որ առաջիկայում սկսելու է գործել Մարսել-Երևան ավիաչվերթը, ինչը կնպաստի տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացմանը: Քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և ընդգծել, որ ռեֆորմների հարուստ օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է: «Որևէ իրադարձություն կամ խնդիր չպետք է մեզ շեղի բարեփոխումների ուղուց, մեր արձագանքը մարտահրավերներին պետք է լինի ասիմետրիկ»,- նշել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...