Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ

 Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` արձագանքելով հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

 

 «Հիշյալ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը խոսել է և ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, և, միևնույն ժամանակ, Արևմուտքի կողմից առաջ մղվող հակամարտության ինչ-որ «համալիր լուծման» նախապատվության մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններում մանրամասն ներկայացվել էր ռուսական ջանքերի տարեգրությունը ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միջազգային մեխանիզմների շրջանակներում, այդ թվում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Ուղեկցող եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

 

Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը՝ հենվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022թ. հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում ։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում։

 

Կցանկանայի նաև հիշեցնել, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։ Դրան համաձայնություն են տվել երկու երկրների առաջնորդները։ Ամեն ինչ պատրաստվել էր դրա անցկացման համար ։ Բայց հենց հայկական ղեկավարությունը վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Ա.Ս. Միրզոյանի այցը ։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական կարգավորման այլ հրատապ հարցեր, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը ։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»,- գրում է ՌԴ ԱԳՆ-ն` հղում անելով Զախարովայի հայտարարությանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ