ՏԵՍԱՆՅՈՒԹ. 200 ժամից ավելի բլոկադայի մեջ ենք. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում իրավիճակի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի հարցը: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնելով Արցախում իրավիճակն ասաց.
«Երեկ ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է Արցախի հարցը. դա շատ կարևոր է, որովհետև ամենաբարձր ամբիոնից հնչեց Արցախի հարցը: 200 ժամից ավել բլոկադայի մեջ ենք, ՄԱԿ-ի արձագանքն այս առոմով անընդունելի էր և կտրուկ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անդամներին»,- ասաց պետնախարարը:
Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել և խախտել եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը, կեղծ պատրվակներ բերում։ Ադրբեջանը աշխարհում ժողովրդավարության հարցում ամենացածր վարկանիշներից մեկն ունի, տասնյակ քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, այնտեղ հնարավոր չէ քաղաքացիական ակցիա անել առանց պետական աջակցության»,- ասաց ՀՀ ներկայացուցիչը։
Մարգարյանը շեշտեց, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին 120 հազար մարդ Ադրբեջանի կողմից պատանդ են պահվում։
«Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ բանակցությունները դեռևս ոչ մի արդյունք չեն բերել»,- նշեց նա։
Հայկական կողմը պահանջում է, որ ՄԱԿ-ը փաստահավաք առաքելություն տեղակայի Լաչինի միջանցքում՝ տեղում գնահատելու մարդասիրական իրավիճակը, և կոչ է անում Անվտանգության խորհրդին իր գործառույթների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները, որոնք կենսական վտանգ են ներկայացնում հայ բնակչության համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է: