Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց. մանրամասներ

Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութի տարածողը` Ղարիբ Բաբայանը, չկալանավորվեց: Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Այս մասին հայտնեց Բաբայանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:


Փաստաբանի խոսքով` նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1–ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։


ՔԿ–ն իր հերթին պարզել էր, որ հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ֆեյսբուքյան էջում տեսանյութը հրապարակել է Ղարիբ Բաբայանը, և որ «տվյալ անձը տեսանյութի էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ է գրել՝ այդ կերպ տարածելով ՀՀ իշխանությունների և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»։


Բաբայանի հանդեպ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Նա ձերբակալվել էր, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։


Հավելենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր` 70–ամյա Ղարիբ Բաբայանն արցախցի է, նա գիտնական է ու կրթության կազմակերպիչ։


Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։