«Ռոսնանո»-ի թոփ մենեջերները, այդ թվում՝ մեկ հայ, բերման են ենթարկվել. մանրամասներ
Ռուսական «Ռոսնանո» պետական կորպորացիայի երեք թոփ մենեջերները բերման են ենթարկվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքների հանգեցնելու գործով: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն:
Բերման են ենթարկվել «Ռոսնանո»-ի գործադիր տնօրեն Բորիս Պոդոլսկին, ֆինանսների գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը և հաշվապահական մեթոդիկաբանության, հարկման և հաշվետվությունների գծով տնօրեն Մարինա Կասենկովան։ Վերջիններիս սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:
forbes.ru-ն գրել է, որ 2017 թվականին կասկածյալները «անօրինական գործողություններ են կատարել ֆինանսական պարտավորությունները վերադասակարգելու համար»՝ թաքցնելու ընկերության տնտեսական գործունեության բացասական արդյունքները։
«Օգտագործելով խեղաթյուրված հաշվետվության տվյալները՝ նրանք ընկերության միակ բաժնետիրոջը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, կեղծ տեղեկություններ են ներկայացրել «Ռոսնանո» ԲԸ-ի ենթադրյալ բավարար ֆինանսական վիճակի մասին: Դա հնարավորություն է տվել խուսափել նախկինում տրված պետական երաշխիքների չեղարկումից, ինչպես նաև ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում»,- ասվել է հաղորդագրությունում։