Վենեսուելան՝ ԱՄՆ-ից արտաքսվող ապօրինի ներգաղթյալների ճակատագրի մասին

Վենեսուելայի իշխանությունները, ինչպես սպասվում է, թույլ կտան ԱՄՆ-ին վերադարձնել ԱՄՆ-ից արտաքսված ապօրինի ներգաղթյալներին անմիջապես Վենեսուելա: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է թույլատրել որոշ չվերթներ:


Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Մաուրիցիո Կլավեր-Կարոնն ավելի վաղ հայտնել էր, որ Գրենելը Վենեսուելայում շփումների ընթացքում երկրի ղեկավարությունից կպահանջի ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող ապօրինի ներգաղթյալներին, ինչպես նաև կբարձրացնի անազատության մեջ պահվող ամերիկացիներին ազատելու հարցը:


Ավելի վաղ ԱՄՆ սահմանների անվտանգության հարցերով համակարգող Թոմ Հոմանը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան 4 հազար ներգաղթյալ է արտաքսվել ԱՄՆ-ից:


ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք հարավային սահմանով անօրինական միգրացիայի ռեկորդային մակարդակ է գրանցվել ԱՄՆ-ում: ԱՄՆ սահմանապահների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվարից մինչ օրս ԱՄՆ սահմանն առանց փաստաթղթերի հատել է ավելի քան 8 միլիոն միգրանտ։


Հունվարի 20-ին երդմնակալությանօրը Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը: Նա նաև արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմ է սահմանել՝ կապված ԱՄՆ հարավային սահմանին տիրող իրավիճակի հետ: