Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած ռուս տիկտոկերը կալանավորվել է. մանրամասներ

Հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է։


Երևանի սրճարաններից մեկում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հայերի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ։


Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին:


ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:


«Կա մեկ կալանավորված անձ»,- հայտնել են ՔԿ-ից։


Նշենք, որ «Ռիժուլյա»-ն Երևանում մի քանի անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում:


2023 թվականին էլ ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կոտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը «Ռիժուլյա»-ն էր: