«Այո՛, միայն ՌԴ-ն ՄԱԿ-ում լեգիտիմացրեց այսպես կոչված բնապահպանական ակցիան կամ հանքերի թեման». Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստը հայկական դիվանագիտության կարևոր հաղթանակներից էր ու սա պետք է արձանագրել, ընդունել և այս ջանքերին սատար լինել։
Շատերը թերահավատ են, թե սա ինչ արդյունքներ կտա, բնական է, քանի որ միջազգային մեխանիզմներն անգործունակ են դարձել, բայց արդյունքները միանգամից և ուղիղ գծով ակնկալելը միամտություն է, եթե չասեմ` քաղաքագիտական տգիտություն, դիվանագիտական քայլերն ակումուլյատիվ էֆֆեկտ կարող են միայն ունենալ և ամեն քայլն է պայմանավորում հաջորդի հաջողությունը։
Անիմաստ են անգամ քննարկումները` թե Ռուսաստանի ներկայացուցիչն ինչպես խոսեց, ավելին չէինք էլ ակնկալում, այո՛, հենց միայն իրենք պետք է լեգիտիմացնեին այսպես կոչված բնապահպանական ակցիան կամ հանքերի թեման, մի բան, որի մասին որևէ երկրի ներկայացուցիչ, բացի Ադրբեջանից չխոսեց, սա նորություն չէ, վաղուց փաստ է և հուսով եմ՝ վերջապես այս փաստը տեսանելի կլինի նաև Արցախի ղեկավարների համար։
Ալիևն այս «բնապահպանական» խեղկատակությամբ նվիրեց մեզ հնարավորություն Արցախի հարցը կրկին ՄԱԿ-ի ԱԽ բարձր ամբիոն հասցնելու և դա արվեց ճիշտ ժամանակին` մշտական և ժամանակավոր անդամ բոլոր երկրների հետ ճիշտ աշխատելով։
Դիվանագիտական այս ջանքերին պետք է գումարել նաև հանրային դիվանագիտության, հանրային աջակցության և բողոքի ցույցերի մեխանիզմները ոչ միայն Երևանում, այլ նաև որոշիչ մայրաքաղաքներում` Սփյուռքի աջակցությամբ։ Պետք է հասկանանք, որ նյարդերի պայքար է ընթանում, թե ով կդիմանա ու բռնի գործողությունների չի գնա, որքան էլ ծանր է իրավիճակը, զգացական առումով շատ դժվար է դիմանալը, այնուամենայնիվ, պետք է չափազանց զգուշավոր լինենք մեր բոլոր հայտարարություններում և կոչերում, սա իսկապես շատ կարևոր է»։