Եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ-ի ներկայացրած պահանջը. Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեց

Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ մանրամասները կներկայացվեն քիչ ավելի ուշ:

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: Հայաստանը դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

 

Եվրոպական դատարանը որոշում կայացրեց Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Քաղաքականություն

Պատահարներ