Թիմից հեռացված Կամերունի դարպասապահը հանդես է եկել հայտարարությամբ

Կամերունի Հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան, ով ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Սերբիայի հետ խաղից առաջ հեռացվել էր ազգային հավաքականից, հայտարարություն է տարածել։ Օնանան հեռացվել էր թիմից գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

 

«Ցանկանում եմ իմ սերը հայտնել իմ երկրին և ազգային հավաքականին: Երեկ ինձ թույլ չտվեցին լինել խաղադաշտում, որպեսզի օգնեմ Կամերունին, օգնեմ թիմին հասնել իր նպատակներին։ Ես ինձ միշտ այնպես եմ պահել, որ թիմին հասցնեմ հաջողության։ Ես ամեն ջանք գործադրեցի, ամբողջ ուժերս ծախսեցի՝ լուծում գտնելու այն իրավիճակին, որում հաճախ է հայտնվում ֆուտբոլիստը, բայց հակառակ կողմից նման ցանկություն չկար։ Որոշ բաներ դժվար է ընդունել: Այնուամենայնիվ, ես միշտ հարգում և աջակցում եմ վերևից եկած որոշումները, որոնք ուղղված են մեր թիմին և երկրին դեպի հաջողություն տանելուն:

 

Ամբողջ ուժերս ուղղում եմ թիմակիցներիս, քանի որ մենք ցույց ենք տվել, որ կարող ենք շատ հեռուն գնալ այս մրցաշարում։Արժեքները, որոնք ես քարոզում եմ որպես մարդ և որպես խաղացող, այն արժեքներն են, որոնք բնութագրում են ինձ, այն արժեքներն են, որոնք իմ ընտանիքը տվել է ինձ: Առաջին տեղում Ազգն է, և այդպես կլինի միշտ։ Շնորհակալություն»,- գրել է Օնանան թվիթերում։

 

Ինչպես հայտնում է beIN Sports-ը՝ հղում անելով Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի (Fecafoot) աղբյուրին, դարպասապահը կարգապահական պատճառներով հեռացվել է թիմից։