Ո՞վ է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին միակ դեմ քվեարկողը

Ինչպես և կարելի էր սպասել, հայկական բանաձեւին միակ «դեմ» ձայնը պատկանում է Հեյդար Ալիեւի Հիմնադրամի «կրթաթոշակառու» Նատալի Գուլեին։ Ահա նա, լուսանկարի ձախ կողմում, նստած է իր շեֆ Մեհրիբանի դիմաց՝ հնազանդ աշակերտուհու նման։ Նատալի Գուլեն, կանխատեսելիորեն, չի աջակցել նաեւ 2020 թվականին Արցախի ճանաչման վերաբերյալ Սենատի բանաձեւին։ Այս մասին գրում է infoteka24-ը։ 

 

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց, որին կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի պատգամավորներից 295-ը, դեմ՝ 1-ը։

 

Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ 

 

Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։

 

Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրության (ընդունվել է 1945 թվականի հունիսի 26-ին) 34-1 հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 1949 թվականի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, 1969 թվականի հունվարի 4-ին ուժի մեջ մտած ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

 

Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։

 

Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։

 

Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ