Կառավարության նոր որոշումը՝ փոխհատուցվող դեղերի ստացման այցերի վերաբերյալ

Փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով:


Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն դեղը, սակայն պացիենտը ստիպված է լինում յուրաքանչյուր ամիս այցելել բժշկին` անհրաժեշտ դեղը ստանալու նպատակով:


Հիմնավորման համաձայն՝ 2025թ.-ից ՀՀ-ում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրման ծրագիրը, որի շրջանակում փոխհատուցվող դեղերի տրամադրումն իրականացնում է լիազոր մարմինը` դեղատների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա:


Որոշման ընդունումը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների դեղերի դուրս գրման և դեղ ստանալու նպատակով բժշկին և դեղատուն այցերի կրճատմանը: Միաժամանակ փոխհատուցվող դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը առաջարկվում է երկարաձգել 90 օրով, որը հնարավորություն կտա պացիենտին փոխհատուցվող դեղը բաց թողնել 90 օրերի ընթացքում նախկին 30 օրերի փոխարեն: Արդյունքում՝ ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության ու սպասարկման որակը, նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Քաղաքականություն