
ժողովուրդը հնարավորություն կունենա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուները կտրել․ վարչապետ

Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններում ժողովուրդը հնարավորություն կունենա և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուները վերջնականապես կտրել։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ժողովուրդը ընտրությունների միջոցով Սերժ Սարգսյանին էլ է իր տեղը ցույց տվել, Ռոբերտ Քոչարյանին էլ է իր տեղը ցույց տվել, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է իր տեղը ցույց տվել»։- ասել է Փաշինյանը։
«Պիտի արձանագրել, որ նրանք մարդիկ են, որ երբեք որևէ ընտրությունում չեն հաղթել: Բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, որը մի անգամ՝ 1991-ին, հաղթել է։ Նրանք ընդհանրապես ո՞ւմ հետ համեմատվելու լեգիտիմություն և իրավունքներ ունեն: Հետո էլ ասում եք՝ ՀՀ-ում ձերբակալություններ են և այլն: Այդ մարդիկ, որ Հայաստանում դեռ խոսելու իրավունք ունեն, դրա համար Հայաստանի ժողովուրդն ինձ է մեղադրում: Երբ որ գնում եմ մարզեր և շփվում եմ մարդկանց հետ, ամենաշատը ինձ մեղադրում են նրանց դեռևս ՀՀ քաղաքական կյանքում գոյություն ունենալու մեջ: Ես պիտի Հայաստանի ժողովրդի առաջ արդարանամ, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի լեզուն դեռ պտտվում է Հայաստանում որևէ բան ասելու համար, բայց ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուները վերջնականապես կտրել և արմատախիլ անել։ Ընդ որում՝ ես կարծում եմ՝ դա պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով, դա պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ճանապարհով, իսկ իրավական պրոցեսների հետ մենք գործ չունենք»,- նշել է Փաշինյանը: