
Փաշինյանը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի հրապարակման խնդիրների մասին

Նման միջազգային գագաթաժողովներում ըստ էության շփումներ լինում են բոլորի հետ, բայց շփումների արդեն կոնկրետ ֆորմատը տեղում կերևա և նաև աշխատանքներ կլինեն, թե փոխադարձ ինչպիսի հետաքրքրություն կա, շփման ձևաչափի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պեկինում ՇՀԿ սպասվող համաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպումներին։
«Բայց որ բոլորի հետ էլ կլինեն շփումներ, ես դրանում չեմ կասկածում»,- ասել է նա։
Վարչապետը անդրադարձել է՝ Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերի մինչ այս պահը չհրապարակելու հարցին.
«Ինչ վերաբերվում է մտադրությունների հուշագրին, պիտի արձանագրեմ, որ դրանցից որևէ մեկը առնվազն ուղիղ չի վերաբերվում «Թրամփի ուղուն», այլ վերաբերվում է խաղաղության խաչմերուկին, միջուկային էներգետիկայի ոլորտում, արհեստական ինտելեկտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը։ Ուղղակի աշխատանքային պայմանավորվածության հարց է եղել և մենք աշխատանքային պայմանավորվածություն ենք ունեցել, որ կհրապարակենք բովանդակությունը, բայց ոչ տեքստը։ Բայց քանի որ հետաքրքրությունը մեծանում է մեր հանրության շրջանում, կարծում եմ, որ մենք առաջիկայում, քանի որ դա երկկողմ փաստաթուղթ է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն ձեռք կբերենք և կհրապարակենք նաև այդ փաստաթղթերը։
Բայց ես գիտեմ նաև, որ որոշակի փորձագիտական և պատգամավորական շրջանակներում կա հետաքրքրություն այդ թեմայի վերաբերյալ, ես հանձնարարել եմ, որ հետաքրքրվող փորձագետները կամ որոշակի շրջանակի փորձագետներ, և Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր կարող է ծանոթանալ այդ տեքստի բովանդակությանը, որի մեջ ասեմ որևէ գաղտնիք չկա։ Այդ փաստաթղթերը իրենք իրենց էությամբ և բովանդակությամբ գաղտնի չեն, իրենց վրա գաղտնի գրիֆ չկա, դա աշխատանքային փաստաթուղթ է։ Ես կարծում եմ որ առաջիկայում մենք կհրապարակենք, և կոչ եմ անում բոլոր դավադրությունների տեսությունների բանաձևումը սկսած մեր գործընկերներին, արագացնել այդ պրոցեսը, որպեսզի իրենք իրենց բոլոր սպասումները արդարանան այն պահին, երբ որ այդ հուշագրերը կհրապարակվեն»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։