
Դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի Միքայել արքեպիսկոպոսին․ փաստաբան

«Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղադրող կողմի նշած ապացույցներին և հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ու այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը»։ Այս մասին այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ դիմելով դատարանին։
«Սակայն նախագահող դատավորն ուներ և ունի այդ ելքը, բայց վախերի պատճառով ի վիճակի չէ պոկվել դրանից, նախընտրում է բացահայտորեն խախտել օրենքը»,-նշել է Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով, դատավորն արդեն իր վարքագծով ապացուցել է, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, միևնույն է՝ մեղավոր է ճանաչելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Նշենք, որ նիստի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկող հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։
Իր եզրափակիչ ելույթում դատախազ Վահան Հարությունյանը մեջբերեց հատվածներ Միքայել Սրբազանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներից։
Նշենք, որ դատարանն ընդամենը 20 օրում ավարտել է հիմնական դատալսումների փուլը, և այժմ գործը ավարտական փուլում է։
Հիշեցնենք՝ Միքայել սրբազանին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։