Ինչպես ստանալ հեռարձակման արտոնագիր. օրենսդրական բացերը` կոռուպցիոն սխեմաների շարժառիթ

Խնդիր, որի մասին չի խոսվում


Վերջին տարիներին ռադիոհաճախականությունների ստացման մրցույթները ներկայացվում են որպես թափանցիկության և հավասար հնարավորությունների օրինակ։ Սակայն գործող իրավական դաշտը` իրականում ստեղծում է կատարյալ պայմաններ մանիպուլյացիաների համար: Մասնավորապես, օրենքի թերի դրույթները հնարավորություն են տալիս առանց փորձի, պատմության և անհրաժեշտ ռեսուրսներ ունեցող ընկերություններին ստանալ հեռարձակման արտոնագրեր: Նշենք, որ օրենեսդրական վերջին փոփոխություններից հետո, լսողական մեդիայի ոլորտում` Երևանում հեռարձակելու արտոնագիր են ստացել 4 ընկերություններ, որոնք ՀՌՀ-ի մրցույթից ընդամենը շաբաթներ առաջ են հիմնադրվել և հեղինակազորվել: Դրանցից մեկը մրցույթում հաղթելուց մեկ տարի անց վաճառել է թե´ ընկերությունը և թե´ հեռարձակման արտոնագիրը: Այս խնդրին սակայն կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:Վերադառնանք հեղինակազորման ընթացակարգում առկա բացթողումներին:


Հեղինակազորում՝ պաշտպանություն, որը չի գործում.


Օրենքի համաձայն, «Տեսալսողական մեդիածառայություն մատուցող (այսուհետ՝ Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցող՝ Լսողական ծրագրեր հեռարձակող) Հայաստանի Հանրապետության հիմնադրած կազմակերպություն կամ կարգավորող պետական մարմնի հեղինակազորած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում եւ սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն եւ խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։

Այսպիսով, համակարգը պետք է կանխի մեկօրյա ընկերությունների և թաքնված շահառուների մուտքը շուկա և նվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Իրականում սակայն, բոլորովին այլ պատկեր ունենք


Ինչպես է աշխատում կոռուպցիոն մեխանիզմը


Սխեման պարզ է և առաջին հայացքից օրինական


1. Ընկերությունը ստեղծվում է մրցույթի նախաշեմին, իսկ պաշտոնական գրանցում ստանում մրցույթից ընդամենը մի քանի շաբաթ առաջ


2. Ֆորմալ հեղինակազորում


Կարգավորող մարմինը փաստաթղթերով ընկերությունը ճանաչում է «մեդիածառայություն մատուցող»: Ակնհայտ է սակայն, որ շաբաթներ առաջ ստեղծված ընկերությունը ֆիզիկապես անկարող է մատուցել մեդիա ծառայություններ: Մինչդեռ, օրենքը հստակ նշում է, որ ընկերությունը պետք է հեղինակազորված լինի և սպառողին մատուցի մեդիա ծառայություններ:

3. Չիրականացվող պարտավորություններով հայտ

Մրցույթի հայտում ներառվում են ծավալուն ծրագրեր՝ամենօրյա լուրեր, թեմատիկ ուղղվածության հեղինակային հաղորդումներ, տեխնիկական հնարավորություններ,ֆինանսական ապահովում։ Իրականում սակայն` նորաստեղծ ընկերությունը չունի ո՛չ թիմ, ո՛չ սարքավորում, ո՛չ բյուջե։


4. Հաղթանակ մրցույթում

Արտոնագիրը տրամադրվում է նորաստեղծ ընկերությանը, քանի որ ձևական պահանջները կատարված են։ Նախագծի իրագործելիության իրական ստուգում օրենքով չի նախատեսվում: Բայց չգիտես ինչու օրենքը հանձնաժողովին 60 օր է տրամադրում մրցույթի հաղթողին հայտարարելու համար։ Այստեղ հարց է ծագում, ինչի՞ համար է այդ ժամանակը, եթե ոչինչ չի ստուգվում: Այս խնդրին ևս կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:


5. Իրական շահառուների մուտքը


Արտոնագիր ստանալուց հետո «փուչ» ընկերությունը դառնում է գաղտնի շահառուների իդեալական գործիք։


Ինչով է վտանգավոր այս երույթը


Ֆիկտիվ խաղացողները փոխարինվում են իրականներով: Ըստ էության` իրականում աշխատող և ներդրում իրականացնող ընկերությունները պարտվում են մրցույթներում` կոռուպցիոն սխեմային: Ավելին, արտոնագրերը դառնում են առևտրի գործիք, իսկ արտոնագիրը վերածվում է ապրանքի, այլ ոչ թե գործիքի՝ մեդիա շուկայի զարգացման համար։ Կարգավորող մարմնի գործունեությունը դառնում է անիմաստ: Հեղինակազորումը դադարում է լինել պաշտպանական մեխանիզմ և վերածվում է ձևական ընթացակարգի, որն ուղղակի բացում է կոռուպցիայի համար դուռը։


Դրա հետեւանքով տուժում է լսարանը


Խոստացված կրթական և մշակութային հաղորդումների, նորությունների փոխարեն, հանրությունը ստանում է առանց հաղորդավարների դատարկ եթեր, երաժշտություն` առանց բովանդակության, առանց հանրային արժեքի։


Ինչ է հարկավոր իրավիճակը շտկելու համար


Օրենքը պահանջում է արմատական բարեփոխում։ Կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է.


1. Հեռարձակման մուտքի իրական չափանիշներ:Ընկերության նվազագույն փորձ մեդիադաշտում՝ առնվազն 2 տարի։Հիմնավորված ֆինանսական հաշվետվություն` վերջին 2 տարվա համար։Սարքավորումների, թիմի և բովանդակության իրական առկայության ապացույցներ։


2. Արտոնագրերի տրամադրման երկփուլ համակարգ


Առաջին փուլ․ ընկերության պատմության և ռեսուրսների ստուգում։ Երկրորդ փուլ․ ծրագրային և տեխնիկական պարտավորությունների գնահատում։


3. Սեփականատերերի փոփոխության արգելք` առնվազն 5 տարի արտոնագիր ստանալուց հետո։


4. Հանրային վերահսկողություն. մրցույթի բոլոր հայտերը և հանձնաժողովի որոշումները պետք է հասանելի լինեն հանրությանը։ Պետք է հրապարակվեն ոչ միայն ծրագրերը, այլև մասնակցողների ֆինանսական և կադրային տվյալները։


Գլխավոր հարցը օրենսդիրներին




Այսօր գործող արտոնագրերի մրցութային համակարգը գործում է օրենքի նպատակներին հակառակ։ Արտոնագրերը վերածվում են ազդեցության և ֆինանսական հոսքերի  գործիքի, այլ ոչ թե մեդիա ոլորտի զարգացման միջոցի։ Եթե օրենսդիրը օր առաջ արմատական քայլերի չդիմի, մրցույթները կշարունակեն ծառայել ոչ թե հանրությանը, այլ կուլիսային պայմանավորվածություններին։


Եզրակացություն


Ռադիոհաճախականությունները ազգային ռեսուրս են։ Դրանք պատկանում են հանրությանը, ոչ թե ազդեցիկ խմբերին։ Որպեսզի այս ռեսուրսը ծառայի հասարակության շահերին, անհրաժեշտ է փոփոխել օրենքը, ներդնել իրական զտիչներ և արտոնագրերի տրամադրման գործընթացը իրականում դարձնել թափանցիկ։


Քաղաքականություն