Շները թունավորվում են ու տանջվելով սատկում. ի՞նչ է կատարվում Նոր Նորքի թաղապետարանի հարակից այգում

Նոր Նորքի թաղապետարանի հարակից այգում շներն ինչ-որ բան են ուտում, որի արդյունքում թունավորվում են ու տանջվելով սատկում: Այս մասին սոցցանցերում ահազանգում են քաղաքացիները։ Նշվում է, որ սատկած կենդանիներից մեկի ստամոքսից էլ նրբերշիկներ են հայտնաբերվել, որոնք, ըստ հավանականության, թունավորված են եղել։ «Դոգխանտեռների» այս վարքագիծը նոր չէ աշխարհում, բայց նոր է՝ Հայաստանում. թե ովքեր են նրանք և ինչ նպատակ են հետապնդում, դեռ պարզ չէ։

 

MediaHub.am-ը այս հարցով պարզաբանում ստանալու համար դիմեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանին: Վերջինս նշեց, որ ծանոթ է կատարվածին, սակայն դիտավորություն չի տեսնում։

 

«Այգին անխնամ վիճակում է, տարբեր ահազանգներ ենք այդ տարածքի հետ կապված ստանում․ ոստիկանության, ոստիկանապետի հետ խոսել ենք, ուժեղացված ծառայություն են իրականացնում արդեն։ Այգին որոշել ենք ամբողջովին վերանորոգել, որպեսզի նման խնդիրներից զերծ մնանք և նաև հատուկ շուն պահող մեր հայրենակիցների համար նախատեսում ենք առանձնացված տեղեր կառուցել, որտեղ էլ կարող են շներին զբոսանքի տանել»,-ասաց նա։

 

Մհերյանի խոսքով՝ իրականում այս ընթացքում քաղաքացիները ոստիկանություն չեն դիմել, չեն բողոքել։

 

«Ուժեղացված ծառայության ընթացքում որևէ տարօրինակ երևույթ չեն նկատել, սակայն մարդիկ պետք է դիմեն, որ ոստիկանները հստակ տեղն իմանան, եզրակացություն ունենան, որ կարողանան հենց այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն կամ դատաբժշկական փորձաքննության արդյունք պետք է ձեռքների տակ ունենան։ Եթե պարզվի, որ դիտավորյալ է արվում, ապա քրեորեն պատժվելու են միանշանակ»,- հավելեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ