Էրդողանը կրկին կփորձի բանակցել Պուտինի ու Զելենսկու հետ

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում հեռախոսազրույցներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

 

«Ես տեսա, որ պարոն Պուտինը շատ ավելի մեղմ և ավելի բաց է Կիևի հետ բանակցությունների համար, քան նախկինում։ Մենք կտեսնենք, թե դա ինչի կարող է հանգեցնել հեռախոսային դիվանագիտության ընթացքում, որը մենք կանցկացնենք առաջիկա օրերին՝ լսելով երկու առաջնորդներին», - ասել է Էրդողանը լրագրողներին Ադրբեջանից վերադառնալիս՝ ինքնաթիռում։

 

Ավելի վաղ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը հրաժարվել է բանակցություններից, շարունակում է գնդակոծել ռուսական նոր տարածքները՝ ահաբեկչական մեթոդներ օգտագործելով: Մի քանի օր անց Պուտինն ընդգծել է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող որոշում է կայացրել, «այդ դեպքում ինչի՞ մասին է կարելի խոսել»։

 

Հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կիևի՝ երկխոսությունից հրաժարվելու ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ ինչ-որ պայմանավորվածությունների հնարավորություն չկա, քանի որ բանակցությունների համար երկու կողմ է պետք։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի շուրջ բանակցությունների համատեքստում «ոչ մեկի հետևից չի վազի» և միայն կոնկրետ լուրջ առաջարկներ կքննարկի։

Քաղաքականություն