Ինչ են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները` ընդդեմ Ադրբեջանի ներկայացված բանաձևով

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

 

Իր այս մտադրության մասին Սփիերն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է նախորդ շաբաթ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում՝ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում։ Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձևը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը և համերաշխություն հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։ Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն:

 

Մեկնաբանելով Սփիերի նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք կոնգրեսական Սփիրի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բանաձևի ներկայացումը, որը զուգընթաց է Ադրբեջանի հարձակումները դատապարտող կոնգրեսական Շիֆի ներկայացրած բանաձևին։ Դրանք երկուսն էլ Կոնգրեսի երկկուսակցական հզոր աջակցության արտահայտություններ են «907-րդ բանաձևի» կիրարկմանը և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցմանը»։

 

Ինչպես վերը նշվեց, Սփիերի նախաձեռնությունը հաջորդում է Ադամ Շիֆի և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարների կողմից շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ 1351 բանաձևի նախագծին։ Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին և դատապարտել ադրբեջանական հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ։ Բանաձևի նախագիծը ներկայումս ունի 44 կոնգրեսականի ստորագրություն:

Այս ողջ ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը իրականացնում է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա և նաև հանձնախմբի ինտերնետյին կայքի հնարավորություններով իրականացնում անհրաժեշտ լոբբիստական գործողություններ։

Քաղաքականություն

Պատահարներ