Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու. Ինչ է առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանը

Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է։ Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Նման հայտարարություն արել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը Հանրայինի եթերում:
 

 «Գտնվում  ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը, էնպիսի մի պահ է, որ պահանջում է երկխոսությունը և համատեղ որոշման կայացում։ Դաշնակներն ու կոմունիստները իրար դեմ պատերազմ էին արել, եկավ մի պահ, խոհեմություն ունեցան, կարողացան գտնել լուծում, որը մեզ համար ապահովեց101 տարի խաղաղություն... Մեզ սպասվում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պիտի կնքվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում երկու հարևանների հետ, 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրա երկիր կառուցենք, շենացնենք երկիրը»,֊ ասաց առաջին նախագահը։
 

Ըստ Տեր-Պետրոսյանի, ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության ղեկավարությունը․
 

«Նիկոլն է ու մեկ-երկու հոգի գիտեն, թե Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդ է տալիս։ Ես, Քոչարյանը, Սարգսյանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է։ Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»,-ասել է առաջին նախագահը։
 

Տեր-Պետրոսյանի կարծիքով Փաշինյանն էլ է վախենում ստորագրի։ Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն՝ թուրք, դավաճան։

 

Նախկին նախագահը նաև առաջարկել է հանդիպում իր, կաթողիկոսի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև:

 «Ես պատրաստ եմ»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ