Զինծառայողը, ում հայրը ինքնասպանություն էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել

Զինծառայողը, ում հայրը որդուց լուր չստանալու պատճառով ինքնասպանություն էր գործել, վերջին անգամ պատերազմից  2 օր հետո է զանգահարել եւ մինչեւ այժմ կապի դուրս չի եկել: Այս մասին News.am-ին հայտնել է Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը:

 

«Երբ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել` հայրն իրեն կախել էր, ցերեկվա ժամը 3-4-ի հատվածում, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ իր հետ ամեն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր հետո էլ է զանգահարել, խոսել, սակայն դրանից հետո կապի դուրս չի եկել, չեն խոսել նրա հետ:Այս պահին ոչ ոք տեղեկություն չունի տղայից»,- ասել է Ահարոն Խաչատրյանը:

 

Համայնքապետն ասել է, որ զինծառայողը պայմանագրային էր, ունի եղբայր եւ քույր: Եղբայրը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը Վարդենիսի բնակիչներից մեկն ինքնասպանություն էր գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Սակայն  ինքնասպանությունից հետո հերքվել էր որդու զոհվելու լուրը, նա զանգահարել էր տուն:

Քաղաքականություն

Պատահարներ